Թշնամական պետության ղեկավար Ալիևը` Թուրքիա կատարած այցի շրջանակներում, տեսակապի ձևաչափով ներկա գտնվելով Իգդիր-Նախիջևան գազամուղի բացմանը, հայտարարել է, որ Նախիջևանը իբրև թե «Ադրբեջանի պատմական տարածքն է» , որն ավելի քան մեկ դար անջատված է Ադրբեջանի հիմնական մասից և չունի ցամաքային կապ՝ խորհրդային վարչակազմի կողմից «Արևմտյան Զանգեզուրը» Ադրբեջանից անջատելու և Հայաստանին փոխանցելու պատճառով։
Նրա խոսքով՝ սա լուրջ «անարդարությունը» է:
Էրդողանն էլ իր հերթին է հայտարարել է, որ Թուրքիան և Ադրբեջանը խաղաղության, կայունության և բարգավաճման կողմնակից են շեշտելով, թե ձգտում են տարածաշրջանում խաղաղության և համագործակցության։
Ալիևի և Էրդողանի հայտարարությունների համատեքստում մի քանի դիտարկումներ:
Առաջին` հատկանշական է, որ հերթական անգամ Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջը այս անգամ Ալիևը հնչեցնում է ոչ թե Բաքվից այլ հենց ուղիղ Անկարայից:
Երկրորդ` վերոգրյալ փաստով հերթական անգամ ֆիքսվում է, այն որ Ալիևի կողմից Հայաստանի նկատմամբ տարածքային նկրտումները ուղղակիորեն վայելում են թուրքական աջակցությունը, և եթե անգամ Փաշինյանը թուրքերի ոտքերը լիզելու համատեքստում, օրինակ, պաշտոնապես որոշի որ պետք է Արարատ Միրզոյանի անունը փոխել` միևնույն է դա բան չի փոխելու:
Երրորդ` փլուզվող աշխարհակարգի պայմաններում խոսելով իբր թե «պատմական անարդարության» մասին, Ալիևը ակնհայտորեն պատրաստվում է օկուպացնել Սյունիքը: Չորրորդ` ակնհայտ է, որ Ալիևն իր այս բառամթերքով գրողի ծոցն է ուղարկում հայկական կողմից նոր զիջումների այն փաթեթը, որը երկու օր առաջ ազգակործան պատուհասը ներկայացրել էր իր հոդվածում:
Հինգերրորդ` ակնհայտ է, որ Հայաստանի հարցում` թուրք-ադրբեջանական տանդեմը ունի հստակ Good cop, Bad cop ձևաչափի դերաբաշխում, որտեղ Ադրբեջանը հանդես է գալիս «Չար ոստիկանի» դերում, իսկ Թուրքիան իբր թե ավելի կառուցողական:
Եվ հենց այս համատեքստում պետք է դիտարկել Էրդողանի այն հեքիաթները, որ իրենք իբր թե ձգտում են տարածաշրջանում խաղաղության և համագործակցության:
Եվ վերջապես վեցերրորդ` ի հեճուկս Հայաստանում գործող վարչախմբի պրոպագանդայի, հերթական անգամ համոզվում ենք, որ այսպես կոչված խաղաղության դարաշրջան, կամ խաղաղության խաչմերուկ կոչվող հանցավոր կոնցեպտները` Ալիևի կողմից նետվում են աղբարկղը, իսկ Փաշինյանի օրոք Հայաստանը, որպես պետություն ֆիզիկապես վերացվելու եզրին է կանգնած:
Դավիթ ՖԻԴԱՆՅԱՆ